31.08.2016
Պարզաբանում
Ի պատասխան «Հայկական Ժամ» էլեկտրոնային լրատվամիջոցի՝ «Հանուն հաղթանակի Պետոյանն ահաբեկի՞չ էլ կդառնա» վերտառությամբ հրապարակման, անրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հրապարակման մեջ տեղ գտած պնդումներն այն մասին, թե իբր Գյումրու տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ Նահապետ Նահապետյանի «հաշվեհարդարի հետևանքով» անց են կացվել  հարկային ստուգումներ, չեն համապատասխանում իրականությանը: 

Նշված առևտրի «օբյեկտը» ներառված է եղել Գյումրու տարածքային հարկային տեսչության ռիսկային հարկ վճարողների ցանկում դեռևս մինչև Ն.Նահապետյանի Գյումրու հարկային տեսչության պետի տեղակալ նշանակվելը: 2014-2016թթ.-ների ընթացքում պետական գնումների շրջանակներում պետական, համայնքային բյուջեներից ստացված ֆինանսավորումների մասին օրենսդրությամբ արտացոլված տեղեկատվության և տվյալ հարկ վճարողի կողմից հայտարարագրված իրացման շրջանառությունների միջև առկա են եղել անհամապատասխանություններ, որը պարունակել է շուրջ 37 մլն դրամի  իրացման շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկ, ինչի մասին էլ Գյումրու տարածքային հարկային տեսչության կողմից հարկ վճարողը ծանուցվել է դեռևս սույն թվականի հուլիս ամսին: Հարկ վճարողի մոտ առկա է եղել նաև աշխատողների ձևակերպման արժանահավատության ռիսկ:

2015թ.-ին և 2016թ.-ի առաջին յոթ ամսվա ընթացքում իրականացնելով մանրամեծածախ առևտուր, «Ույուտ» խանութը զբաղվել է նաև շինարարական գործունեությամբ՝ հայտարագրելով ըստ էության վարձու աշխատողների փոքր թվաքանական, որը, սույն թվականի  օգոստոս ամսին հարկ վճարողի կողմից ճշգրտվել է՝ Գյումրու տարածքային հարկային մարմնի կողմից իրականացված իրազեկման և հսկողական աշխատանքների ընթացքում, և ներկայացվել է լրացուցիչ 13 աշխատողի հայտ՝ այն դեպքում, երբ 2016թ-ի առաջին 6 ամսվա ընացքում հայտարարագրած է եղել 8 աշխատող: 

Սույն թվականի հուլիս ամսին Ա.Հարությունյանը հաշվառումից հանել է իրեն պատկանող հսկիչ դրամարկղային մեքենան, սակայն նույն օրը, նույն հասցեում և նույն գործունեությունն իրականացնելու նպատակով ներդրվել է 2 այլ  հսկիչ դրամարկղային մեքենա՝ «Ույուտ» սենթր  ՍՊԸ-ի կողմից, որի հիմնադիր Լ.Հարությունյանը, շրջանառվող տեղեկություններով հանդիսանում է Ա. Հարությունյանի աները: 

Ինչ վերաբերում է Ն.Նահապետյանին, նշենք, որ վերջինս հարկային համակարգում դեռևս 1997թ.-ից սկսած զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ այդ թվում նաև Անիի, Արթիկի և Ախուրյանի տարածքային հարկային տեսչությունների պետի պաշտոններն, իսկ 2016թ-ի հունիսի 20-ին նշանակվել է Գյումրու տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնում: