17.09.2011
Հայ-վրացական սահմանին կգործեն նոր` հիմնովին վերակառուցված մաքսակետեր
Իրագործվում է ՀՀ նախագահի հանձնարարականը. Հայաստանը շուտով կունենա բոլորովին նոր սահմանային անցակետեր` ժամանակակից շենքային պայմաններով և սպասարկման բարձր մակարդակով:
 
 
- Պարոն Խաչատրյան, սահմանային անցակետերի արդիականացման պահանջը ՀՀ նախագահի կողմից բարձրացվեց դեռևս նախորդ տարի` Տավուշ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Հենց նախորդ տարի էլ ստեղծվեց  միջգերատեսչական երկու աշխատանքային խումբ, որոնք պետք է անցակետերի արդիականացման հստակ ծրագիր և ժամանակացույց ներկայացնեին: Հաշվի առնելով, որ աշխատանքային խմբերից մեկը ղեկավարում եք Դուք, կարո՞ղ եք մանրամասնել, թե այժմ ինչ փուլում են գտնվում այդ միջոցառումները:

-Սահմանային անցակետերի արդիականացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման պահանջը դրված է ոչ միայն մաքսային մարմինների, այլ նաև սահմանային բոլոր գերատեսչությունների առջև, քանի որ խնդիրը պետական սահմանին իրականացվող ոչ միայն մաքսային, այլ նաև մյուս բոլոր ընթացակարգերի բարելավումն է, սահմանային տարբեր գերատեսչությունների աշխատանքների հնարավորինս ինտեգրումը, սահմանային անվտանգության խնդիրների իրավական կարգավորումը և դրանց համապատասխանեցումը միջազգային առաջավոր փորձին: Այս ամենի  հիմքում սահմանների համալիր կառավարման սկզբունքն է, որը բացառում  է գործառույթների կրկնություններն ու բարձրացնում սահմանային հսկողության արդյունավետությունը. այդպիսով հնարավոր կլինի կյանքի կոչել նաև ազատ առևտրի գաղափարի իրագործումը, այդ թվում` նպաստել “Հայաստանի և Եվրամիության միջև  ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի” առավել արագ ստորագրմանը:

Ծրագրված բոլոր այս բարեփոխումների իրականացման  նպատակով դեռևս նախորդ տարի ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական երկու աշխատանքային խումբ` ՀՀ արդարադատության նախարարի և իմ գլխավորությամբ: Նշեմ, որ մեր աշխատանքային խմբի կողմից ծրագրի իրագործման ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանք է տարվել և կազմվել է սահմանային անցակետերի արդիականացման միջոցառումների հստակ ժամանակացույց, որի համաձայն` ամբողջությամբ վերակառուցվելու են մաքսակետերի ոչ միայն շենքային պայմանները, այլև ներքին տեխնիկական սխեման, ամբողջ ենթակառուցվածքային համակարգը: Բացի այդ, սահմանային կետերի արդիականացման գործում կարևորելով “մեկ կանգառ-մեկ պատուհան” սկզբունքի ներդրումը և հաշվի առնելով այդ ուղղությամբ Վրաստանի եկամուտների ծառայության հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, իմ հանձնարարականով Պետական եկամուտների կոմիտեում ևս ստեղծվել է երեք աշխատանքային խումբ: Նրանք  զբաղվելու են  սահմանային անցակետերում ենթակառուցվածքների, ինստիտուցիոնալ բարեփոխումների և օրենսդրության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդաշնակեցման ու ինտեգրման հարցերով:

-Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի առաջին փուլում ընտրվել են Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցակետերը: Ինչո՞վ է պայմանավորված հատկապես այս մաքսակետերի վերակառուցման առաջնահերթությունը:

-Անցակետերի արդիականացման խնդիրն առավել հրատապ է հայ-վրացական սահմանին, որտեղ ներկայում սահմանային հսկողության նպատակով օգտագործվող շենք-շինություններից որևէ մեկն այդ նպատակի համար հատուկ նախագծված չի եղել, ինչը հնարավորություն չի տալիս ուղևորների և բեռների սահմանահատման գործընթացում ներդնել ժամանակակից ընթացակարգեր և տեխնոլոգիաներ: Բացի այդ, հենց նշված մաքսակետերին է բաժին ընկնում հայ-վրացական սահմանով իրականացվող ապրանքաշրջանառության հիմնական մասը: Այդ պատճառով էլ սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի առաջին փուլում որպես թիրախային կետեր ընտրել ենք Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցումային կետերը:  Նախատեսում ենք ոչ թե պարզապես վերանորոգել, այլ հին շինությունների փոխարեն կառուցել  միջազգային չափանիշներին համապատասխանող բոլորորովին նոր հատակագծով անցումային կետեր, դրանք հագեցնել նորագույն տեխնիկական միջոցներով և ներդնել սահմանահատման ժամանակակից ընթացակարգեր: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Մասնավորապես, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ ավարտական փուլում են գտնվում նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում են միջազգային տենդերի միջոցով ընտրված, այդ  ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունեցող լատվիական “ARHIS”  կազմակերպության կողմից:

-Պարոն Խաչատրյան, որքանով հայտնի է` սահմանային անցակետերում շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ հայտարարելու համար ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվելու է նաև հանձնաժողով, որը նախագահելու եք Դուք: Կարո՞ղ եք մոտավոր ժամկետներ նշել, թե երբ  կսկսվեն շինարարական աշխատանքները:

-Միանգամայն իրատեսական է բուն շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը հայտարարել աշնանը: Կարծում եմ` այդ ժամանակացույցով առաջնորդվելու դեպքում, շինարարական աշխատանքները հնարավոր կլինի սկսել նոյեմբերից, իսկ գործընթացն ամբողջությամբ  կիրականացվի 2012 թվականի ընթացքում:

Նախատեսում ենք ընդլայնել սահմանային բոլոր երեք կետերի տարածքները, մասնավորապես, Բագրատաշենինը կկազմի 10 հեկտար` 3 անգամ գերազանցելով  ներկա տարածքի մակերեսը: Բացի այդ,  Բագրատաշենում` Դեբեդ գետի վրա կկառուցենք նոր կամուրջ, որը կունենա երթևեկելի երկու առանձին հատված` յուրաքանյուրը 10-ական մետր լայնությամբ: Կամրջի վրա կլինեն նաև հետիոտնի համար նախատեսված անցումներ: Ի դեպ, այն  լինելու է բավականին գեղեցիկ ճարտարապետական կառույց, իսկ ներկայում շահագործվող կամուրջը, որն ընդամենը նոր կառուցվելիքի մեկ քառորդ լայնության է, նույնպես կվերանորոգվի և կօգտագործվի պահուստային նպատակներով:

Թե′ Բագրատաշենի և թե′ Բավրայի անցակետերում կկառուցվի մուտքի և ելքի համար նախատեսված 4-ական ուղի, այսինքն յուրաքանչյուր ուղղությամբ` երկուսը  բեռնատար և երկուսը` մարդատար ավտոմեքենաների  համար: Միայն Գոգավանի անցակետում, ելնելով տարածքային առանձնահատկությունից, յուրաքանչյուր կողմի համար կգործի երկուական ուղի: Այս ամենի արդյունքում հնարավորություն կունենանք խուսափել հերթերից և կուտակումներից, սպասարկումն էլ շատ արագ կիրականացվի. օրական 600 ավտոմեքենայի և 2000 ուղևորի սպասարկելու հնարավորություն կստեղծվի, այսինքն` 4-5 անգամ ավելի ներկա ծավալներից: Ավտոմեքենաների համար նախատեսված հատուկ կանգառներ և տերմինալներ կկառուցվեն բոլոր երեք անցակետերում էլ: Տեղադրվելու են նաև առավել մանրակրկիտ զննման համար նախատեսված “Ռապիսկան” սարքավորումներ, որոնց օգնությամբ էլ ավելի կուժեղացվի սահմանային հսկողությունը: Իսկ հարևան երկրներում համաճարակների բռնկման ժամանակ մեր հանրապետության սահմանին սանիտարահիգիենիկ ուժեղացված հսկողություն ապահովելու նպատակով` բոլոր երեք անցակետերում կառուցվելու են ավտոմեքենաների ախտահանման  և լվացման հատուկ կետեր: Լուծվելու են նաև ջրամատակարարման և էլեկտրասնուցման խնդիրները: Բոլոր երեք անցակետերում էլ կառուցվելու են խորքային հորատանցքեր, իսկ էլեկտրաէներգիայի մատակարարման համար`  հելիոկոլեկտորներ, որոնք  կօգտագործեն արևի էներգիան` վարչական շենքերում էլեկտրաէներգիայի և տաք ջրի մատակարարման համար, ինչը թե էկոլոգիապես մաքուր է և թե նվազ ծախսատար:

Բագրատաշենի և Բավրայի անցակետերում նախատեսվում է կառուցել նաև հատուկ հրապարակներ` ուղղաթիռների կայանման համար: Սա հատկապես անհրաժեշտ կլինի արագ արձագանքման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում: Բոլոր երեք անցակետերում հատուկ տարածքներ կառանձնացվեն նաև կինոլոգիական ծառայությունների ապահովման համար. յուրաքանչյուր տարածքում անհրաժեշտ կացարաններ կհատկացվեն 6 վարժեցված շների համար:
Ինչ վերաբերում է Գոգավանին, ապա այդ անցակետի տարածքը կընդլայնվի ավելի քան 2 անգամ, իսկ կառուցվելիք շենքը հարմարեցված կլինի հատուկ այդ տեղանքին: Պետք է նշեմ, որ տարածքների ընդլայնումը իրականացվելու է տվյալ տեղանքների բնակիչներից որոշ հողատարածքների օտարման հաշվին, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ պետք է ճանաչվեն պետական գերակա հանրային շահ և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են տարվել քաղաքացիների հետ: Երկկողմ  համաձայնության արդյունքում շինարարության համար անհրաժեշտ հողատարածքները սեփականատերերից կօտարվեն փոխհատուցման դիմաց:

Բավրայում ևս, 2-ի փոխարեն, 7,7 հեկտար տարածքի վրա կառուցվելու է բավականին մեծ շինություն, իսկ մաքսային հսկողության գոտին մոտ 800 մետրով մոտեցվելու է վրացական կողմի  անցակետին: Եվ ամենակարևորը` իրականացվելիք կառուցապատումներն այնպես են կազմակերպվելու, որպեսզի  չխոչընդոտեն անցակետերի բնականոն աշխատանքային ռիթմը:

 Այսպիսով` սահմանային հսկողության բոլորովին նոր որակ ենք ապահովելու: Տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե արդյունավետության աճի, այլ սկզբունքորեն նոր որակական մակարդակի մասին:

-Կարո՞ղ ենք ասել, որ այդ նոր որակը վերաբերելու է նաև մաքսային ձևակերպումների ընթացակարգերի պարզեցմանը:

-Միանշանակ, նոր մաքսակետերն ինքնըստինքյան ենթադրելու են պարզեցված ընթացակարգեր: Ճիշտ է, նախորդ ամիսներին մենք արդեն իսկ որոշակի աշխատանքներ տարել ենք փաստաթղթերի կրճատման ուղղությամբ, որոնք նույնպես էականորեն նվազեցնում են ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածը, սակայն ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ շատ աշխատանքներ ընդգրկված են այս առաջիկա ծրագրում:  Օրինակ,  այժմ դեռ լիարժեքորեն չենք կարող հաշվառել ձևակերպումների ամբողջ շղթայի վրա ծախսվող ժամանակը, քանի որ մաքսակետերում գործընթացներն ավտոմատացված չեն: ՀՀ նախագահի կողմից, սակայն, հանձնարարական է տրվել սահմանային նոր անցակետերում կիրառել էլեկտրոնային տեխնոլոգիական  համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի ժամանակային առումով  վերահսկել մաքսային ընթացակարգերի ամբողջ շղթան` սկսած մաքսակետ տվյալ ավտոմեքենայի մուտքից: Այսինքն` բոլոր երեք սահմանային անցակետերի տարածքներում տեղադրվելու են հատուկ տեսասարքավորումներ, որոնց միջոցով շուրջօրյա հսկողություն է սահմանվելու. արդյունքում հնարավոր կլինի ֆիքսել մաքսային յուրաքանչյուր գործընթացի վրա ծախսվող ժամանակը և ըստ այդմ քայլեր ձեռնարկել` այն հնարավորինս կրճատելու ուղղությամբ:

Այս լայնածավալ բարեփոխումներն իրենց հերթին կհանգեցնեն ընթացակարգերի պարզեցմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև առավել արդյունավետ հսկողությանը: Սահմանակետերում հատուկ ուշադրություն ենք դարձնելու նաև սպասարկման մակարդակի բարձրացմանը. բոլոր մաքսակետերում անխտիր մաքսային մարմինների աշխատակիցները պարտավոր են լինելու  սահմանը հատող անձանց նկատմամբ դրսևորել էթիկայի բարձր նորմերին համապատասխան վարքագիծ և բարեկիրթ վերաբերմունք: Ի դեպ, այս բարեփոխումներում նախատեսում ենք ակտիվ համագործակցություն ինչպես պետական այլ մարմինների, այնպես էլ օտարերկրյա պետությունների մաքսային ծառայությունների հետ, ինչը կօգնի միջազգային լավագույն փորձի տեղայնացմանը Հայաստանում, Եվրամիության անդամ երկրների մաքսային մարմինների հետ փոխադարձ կապերի ամրապնդմանը. արդյունքում հնարավոր կդառնա նաև տեղեկատվության և էլեկտրոնային կապուղիներով մաքսային հայտարարագրերի փոխանակումը:

Ի դեպ, քանի որ աշխատանքները նախ տարվելու են հայ-վրացական սահմանի անցման կետերում, ուստի կարևորվում է նաև վրացական կողմի հետ համագործակցությունը:  Այդ նպատակով մենք պատրաստել ենք հայ-վրացական սահմանային կետերի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի նախագիծ, որի ստորագրումն այժմ ընթացքի մեջ է: Նմանատիպ ևս մեկ համաձայնագիր, որն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից,  նախատեսվում է կնքել նաև իրանական կողմի հետ:

-Անցակետերի արդիականացման ամենակարևոր միջոցառումներից մեկը սահմանային անցակետերում “մեկ կանգառ-մեկ պատուհան” սկզբունքի ներդրումն է: Որք՞անով արդյունավետ կլինի դրա  իրագործումը:

-Նախ` կբացառվեն շատ գործառույթների կրկնություններ` այդ թվում ոչ անհրաժեշտ կամ կրկնակի վերահսկողության և հսկողության իրականացումը: Միասնական գործառույթներ կսահմանվեն անցակետերում գործող տարբեր ծառայությունների համար, կբարձրանա նրանց գործունեության արդյունավետությունը: Ամենակարևորը` “մեկ կանգառ-մեկ պատուհան” սկզբունքը նախատեսում է նաև համատեղ հսկողության կազմակերպում` միևնույն շինությունում, ինչը քաղաքացիներին կազատի ավելորդ հոգսերից և ընթացակարգային ձգձգումներից. օրինակ` սահմանապահ զորքերի և մաքսային ծառայության միջև համատեղ հսկողության կազմակերպումը հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել, երբ սահմանապահ և մաքսային ծառայությունները գործեն միևնույն վայրում:

Ծրագրի ավարտից հետո ակնկալում ենք, որ հայ-վրացական սահմանով ուղևորվող անձանց համար սահմանահատման գործընթացը կլինի նույնքան պարզ և հասկանալի, որքան Եվրամիության արտաքին սահմանային անցումային կետերում է: Ավելին. հաշվի առնելով, որ եվրոպական երկրների մաքսակետերը կառուցվել են տարիներ առաջ`  մեր անցակետերի կառուցման ժամանակ արդեն կօգտագործվեն ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ, կընտրվեն կառուցապատման ամենաթարմ լուծումները: