Հարկային հաշվետվություն
Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հարկային մարմին ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ հարկային և սոցիալական ապահովության վճարները կարգավորող օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, տեղեկություններ և օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:

Հարկ վճարողները հաշվետվությունները, հաշվարկները, տեղեկությունները և օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերը հարկային մարմին կարող են ներկայացնել`
  1. Էլեկտրոնային
  2. Փոստով
  3. Առձեռն
Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումը կարգավորվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի հավելված 2-ով սահմանված կարգով: Հաշվետվությունները Էլեկտրոնային եղանակով ներկայացման վերաբերյալ մանրամասներ կարող եք գտնել այստեղ`

https://file-online.taxservice.am/help/site/default.htm

Փոստով հաշվետվությունները ներկայացնելու գործընթացը կարգավորվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի հավելված 3-ով սահմանված կարգով:

Փոստով ներկայացման դեպքում անհրաժեշտ է`
  • հաշվետվությունը ներկայացնել պատվիրված նամակով հաշվառման վայրի հարկային մարմնի հասցեով (հասցեները կարող եք գտնել կայքի «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կառուցվածքը բաժնում»),
  • նամակի ծրարի վրա պետք է նշված լինի հետադարձ հասցե,
  • նամակում պետք է հաշվետվությունների հետ լինի ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) առանձին լրացված պարունակության թերթիկ` նամակում պարունակվող հաշվետվությունների ցանկի` համապատասխան անվանումների և էջերի քանակի վերաբերյալ:
Առձեռն հաշվետվությունների ներկայացումը կատարվում է հարկ վճարողի հաշվառման հարկային (տարածքային) տեսչության Տեղեկատվության և վերլուծության (այսուհետ ՏՎ) բաժնի համապատասխան աշխատակցին հաշվետվության թղթային տարբերակը հանձնելով:

Հաշվետվությունը առձեռն ներկայացնելու դեպքում, հարկային մարմնի աշխատակցի կողմից տեղում ստուգվում է հարկ վճարողի`
  1. լրիվ անվանումը
  2. հաշվառման համարը
  3. հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը,
  4. տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) և (կամ) հաշվապահի ստորագրությունը
  5. հաշվետվությունն օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի վրա լրացված լինելը:
Վավերապայմաններից որևէ մեկի սխալ նշված կամ նշված չլինելու դեպքում այդ հաշվետվությունները համարվում են չներկայացված: