Գույքահարկի մասին
1. Գույքահարկի հասկացությունը
Սեփականության իրավունքով հարկ վճարողներին պատկանող՝ հարկվող օբյեկտ համարվող գույքի համար համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը սակայն կախված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: 

 
2. Գույքահարկ վճարողները
ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից ՀՀ-ից դուրս ստեղծված կազմակերպությունները, ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց ՀՀ տարածքում պատկանում է հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ ՀՀ պետական մարմինների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների:
 
3. Գույքահարկով հարկվող օբյեկտը
  • Շենքեր և շինությունները, անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ (ամառանոց), բազմաբնակարան բնակելի շենք, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն, անավարտ (կիսակառույց) շինություն, ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված, սակայն դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած շինություններ, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքեր և շինություններ (այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ),
  • Փոխադրամիջոցները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, ջրային փոխադրամիջոց, ձյունագնաց, մոտոամենագնաց (քվադրոցիկլ) և մոտոցիկլետ:
 
4. Գույքահարկով հարկման բազան
Շինությունների հարկման բազան «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքն է (արտահայտված դրամներով):

Փոխադրամիջոցների հարկման բազան դրանց քաշող շարժիչի հզորությունն է (արտահայտված ձիաուժերով կամ կիլովատերով): Եթե փոխադրամիջոցի վրա առկա են մեկից ավելի քաշող շարժիչներ, ապա հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:
 
5. Գույքահարկի պարտավորությունների առաջացում եվ դադարում
Պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
6. Գույքահարկի հաշվարկման եվ վճարման կարգը, գույքահարկ վճարողներին հաշվառող մարմինները
Գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են հանդիսանում ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները: Կազմակերպությունները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն` ելնելով հարկման բազայից և օրենքով սահմանված գույքահարկի դրույքաչափերից, հաշվի առնելով օրենքով սահմանված արտոնությունները:

Կազմակերպությունների գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Կիսամյակային հաշվարկները մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմիններ: Հաշվարկված գումարները վճարվում են յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում oրացուցային տարին: ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաuտր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպեu նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատաuխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները` հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկը: Տեղական ինքնակառավարման համապատաuխան մարմինները մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում են շինությունների գույքահարկի վճարման ծանուցագրեր:

Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը համապատաuխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների գույքահարկի, որի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
7. Գույքահարկի արտոնությունները
Գույքահարկից ազատվում են գծային ինժեներատրանսպորտային շինությունները, ջրամբարները, պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության, ինչպես նաև կրոնական, պաշտամունքային նշանակության  հարկվող օբյեկտ համարվող շինությունները, փոստային կապի ազգային օպերատորը, սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները, պարտադիր ժամկետային զինվորական ծառայողները, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված, անհայտ կորած կամ այդպիսին չանաչված անձանց գույքը: Գույքահարկ վճարողներին արտոնություններ տրամադրելու իրավունք ունի նաև համայնքի ավագանին՝ տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսի չափով: Գույքահարկի այլ արտոնություններ կարող են սահմանվել առանձին օրենքներով: 
8. Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար
Օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, ինչպես նաև գույքահարկի հաշվարկման համար ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրած լիազոր, տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կազմակերպություններից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` կազմակերպությունների համար օրենքով սահմանված հաշվարկների ներկայացման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար համապատասխան բյուջե չվճարված գույքահարկի գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ: