Ակցիզային դրոշմանիշների ԵՎ պիտակների թույլատրելի թվագրման մասին
1. Ակցիզային դրոշմանիշերի մասին
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած նմուշի դրոշմանիշերը կիրառության մեջ են դրվում և կիրառությունից հանվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Այդ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելու ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց՝ սկսած դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամսից՝ դրան հաջորդող նմուշի դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու պահից։ Օրենքի պահանջներին համապատասխան յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության որոշմամբ կիրառության մեջ են դրվում համապատասխան թվագրումով ակցիզային դրոշմանիշերը։

Ակցիզային դրոշմանիշերը կիրառությունից հանելը ևս կատարվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։ 

Ներկայումս կիրառության մեջ են «2010», «2011», «2012» և «2013» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը։

2013 թվականի հունվարի 1-ից կարող են իրացվել միայն «2009», «2010», «2011», «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ալկոհոլային խմիչքները և ծխախոտի արտադրանքը։
«2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ալկոհոլային խմիչքները և ծխախոտի արտադրանքը կարող են իրացվել մինչև 2014 թվականի հունվարի 1-ը։
 
2. Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) թույլատրելի թվագրման մասին
«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմնի սահմանած նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դրվում և կիրառությունից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Այդ դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացման ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց՝ սկսած դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամսից՝ դրան հաջորդող նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու պահից։

ՀՀ կառավարության 13.09.2012թ, N1165-Ն որոշմամբ կիրառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կրիչների պարտադիր դրոշմավորման համար «2013» թվագրմամբ հսկիչ նշանները (դրոշմապիտակները): Այդ որոշման 2-րդ կետով հնարավորություն է տրվել կիրառել նաև «2011» թվագրմամբ և «Մագնիսական կրիչ» գրառումով հսկիչ նշանների (դրոշմապիտակների) առկա քանակները: 
Ներկայումս կիրառության մեջ են «2011» և «2013» թվագրմամբ հսկիչ նշանները (դրոշմապիտակները):