Հաստատագրված վճարների մասին
1. Ի՞նչ է հաստատագրված վճարը
Հաստատագրված վճարը հարկ վճարողների կողմից իրականացվող որոշակի գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է: Հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով հաշվարկվում և վճարվում է հաստատագրված վճար՝ անկախ գործունեության արդյունքներից:

2. Ովքե՞ր են համարվում հաստատագրված վճար վճարողներ
Հաստատագրված վճար վճարողներ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են ստորև թվարկված հաստատագրված վճարով հարկվող գործունեություն: Իրավաբանական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին: Անհատ ձեռնարկատերերի համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկին և (կամ) եկամտահարկին: Հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով կազմակերպությունները չեն կարող համարվել ընդհանուր կարգով հարկ վճարող: 

3. Որո՞նք են հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակները
  • Հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակները սահմանված են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այդ գործունեության տեսակներն են.
  • ավտոտրանսպորտային գործունեությունը, 
  • խաղատների գործունեությունը.
  • շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
  • ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.
  • վիճակախաղերի կազմակերպումը.
  • ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը:
Հաստատագրված վճարով հարկման կարգը կիրառվում է 1997թ: Սկզբնական փուլում հաստատագրված վճարով հարկվում էր  5  գործունեության տեսակ, հետագայում այն կիրառվեց շուրջ 19 գործունեության տեսակի համար և մինչև 01.04.2012թ. աստիճանբար կրճատվեցին հաստատագրված վճարով հարկման ենթակ գործունեության տեսակները: Նախատեսվում է 2013թ. հունվարի 1-ից հաստատագրված վճարով հարկման կարգը դադարեցնել նաև խաղատների, շահումով խաղային ավտոմատների շահագործման և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեության տեսակների համար:

Հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով վճարողների համար կասեցվում են «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված արտոնությունները և նվազեցումները: 

4. Ինչպե՞ս է որոշվում հաստատագրված վճարի չափը
Յուրաքանչյուր գործունեության համար հաստատագրված վճարը հաշվարկվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալի չափով: Գործունեության յուրաքանչյուր տեսակի համար օրենքով սահմանված են տարբեր ելակետային տվյալներ և ուղղիչ գործակիցներ: Ստորև ներկայացվում է մեկ ընդհանուր բանաձև, որով հնարավոր կլինի գործունեության յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել հաստատագրված վճարի չափը:

ՀՎ = ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ X ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ X ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ

Վիճակախաղերի կազմակերպման դեպքում հաստատագրված վճարի չափը որոշվում է իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքի 25%-ի չափով: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության մասով հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է ամuվա ընթացքում իրացված գազի ընդհանուր ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Ընդ որում, հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ստացված գազի ծավալի 87.5%-ից: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայանի գտնվելու վայրի հետ կապված օրենքով սահմանվել են ամսվա համար հաստատագրված վճարի նվազագույն չափեր:

5. Որոնք են ելակետային տվյալների եվ ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության ներկայացման ժամկետները

Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունները ներկայացվում են հարկային տեսչություն`
  • ավտոտրանսպորտային, խաղատների, շահումով խաղային ավտոմատների շահագործման  գործունեության տեսակների իրականացնողների  կողմից՝ յուրաքանչյուր տարվա հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում:
  • վիճակախաղի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից` յուրաքանչյուր ամսվա համար:
Հաստատագրված վճար վճարողները ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են նախապես՝ մինչև տվյալ ժամանակաշրջանի սկիզբը: Այս մասով բացառություն է արված վիճակախաղի կազմակերպիչների որոնք հայտարարությունը ներկայացնում են յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո: Ավտոտրանսպորտային միջոցների գազալիցքավորման գործունեություն իրականացնողները յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում են միայն ամսվա ընթացքում ստացված, իրացված գազի ծավալների և հաստատգրված վճարի օրենքով սահմանված նվազագույն չափի մասին տեղեկություն:

6. Ի՞նչ ժամանակաշրջանի համար է հաշվարկվում հաստատագրված վճարը եվ ո՞րն է վճարման ժամկետը
Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար: Հաստատագրված վճար վճարողն ինքն է հաշվարկում հաստատագրված վճարի չափը: Հաստատագրված վճարի չափը որոշում է հարկային մարմինը, եթե`հաստատագրված վճար վճարողը չի ներկայացրել ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն, հաստատագրված վճարի մեծությունը համարվում է չհիմնավորված: Բոլոր գործունեության տեսակների գծով հաստատագրված վճարը վճարվում է մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

7. Ինչպե՞ս պետք է վարվել հաստատագրված վճարով հարկվող գործունեության դադարեցման դեպքում
Հաստատագրված վճարով հարկվող գործունեության դադարեցման դեպքում վճարողը պարտավոր է գործունեության դադարեցման մասին նախապես գրավոր հայտնել հարկային տեսչությանը: 

8. Ի՞նչ հաշվառում են վարում հաստատագրված վճար վճարողները
Հաստատագրված վճար վճարողները պետք է վարեն հաշվապահական հաշվառում այդ ոլորտը կարգավորող օրենքով սահմանված կարգով: Հաստատագրված վճար վճարողները պարտավոր են վարել հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ: Մասնավորապես, համապատասխան դեպքերում սահմանված կարգով պետք է վարեն դրամարկղային գրքեր: Հաստատագրված վճար վճարողները հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով հարկային հաշիվ դուրս չեն գրում:

Հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում վճարողները պարտավոր են պետական բյուջե վճարել նաև ավելացված արժեքի հարկ` անկախ հաստատագրված վճարների կատարումից: Հաստատագրված վճար վճարողները օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնում են հաշվապահական հաշվետվություններ, հարկային հաշվարկներ, հայտարարագրեր և հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ։ Եթե իրականացվում է միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն ապա ավելացված արժեքի հարկի և շահութահարկի հաշվարկներ չեն ներկայացվում:

9. Ինչպիսի՞ պատասխանատվություն է կիրառվում օրենքի պահանջների խախտման համար
Հաստատագրված վճարի չափը չհիմնավորված լինելու կամ օրենքով սահմանված տեղեկությունները չներկայացնելու կամ սխալ ներկայացնելու դեպքերում հաստատագրված վճար վճարողը կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության:Հաստատագրված վճարի չափը համարվում է չհիմնավորված, եթե
  • ելակետային տվյալը կամ ուղղիչ գործակիցը ցածր է հարկային մարմնի կողմից փաստացի արձանագրված ելակետային տվյալից կամ ուղղիչ գործակցից, 
  • մինչև գործունեությունը սկսելը կամ վերսկսելը վճարողը չի ներկայացրել ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն: Այդ խախտումների արձանագրման դեպքում հաստատագրված վճարողը կվճարի տույժեր և տուգանքներ օրենքով սահմանված չափով:
 
ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ 

1. Ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճարը
Հաստատագրված վճարներ սահմանված են նաև ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար` «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին»  ՀՀ օրենքով: Այդ օրենքը գործելու է մինչև 2014թ. հունվարի 1-ը:

Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը փոխարինում է ՀՀ ներմուծվող ծխախոտի համար ավելացված արժեքի հարկին, ակցիզային հարկին և մաք-սատուրքին, իսկ ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար՝ ավելացված արժեքի հարկին և ակցիզային հարկին: 

2. Ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճար վճարողները
Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճար վճարողներ են համարվում`
  • Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծողները
  • Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրողները,
  • ծխախոտի արտադրանք ներմուծող քաղաքացիները հաստատագրված վճար վճարում են 400 հատ սիգարետը և 10 հատ սիգարը գերազանցող մասի համար:
3. Ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճարի հաշվարկման կարգը
Տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով`


ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ
ԸՍՏ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ
ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ (ԴՐԱՄ 1000 ՀԱՏԻ ՀԱՄԱՐ)
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ
2402 10 000 11 սիգարներ` ծխախոտ պարունակող 550000 300000 550000 300000 550000 550000
2402 90 000 11 սիգարներ` այլ
2402 10 000 12 սիգարելաներ` ծխախոտ պարունակող 15000 11000 15000 11000 15000 11000
2402 90 000 12 սիգարելաներ` այլ
2402 20 900 11 սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով 7000 5500 7500 6250 8000 7000
2402 20 100 11 սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով
2402 90 000 13 սիգարետներ` այլ, ֆիլտրով
2402 20 900 12 սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի 3250 1950 3250 1950 3250 1950
2402 20 100 12 սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի
2402 90 000 14 սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի


4. Ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճարի վճարման կարգը
Ծխախոտի ներմուծման դեպքում հաստատագրված վճարները վճարվում են ներմուծման օրվանից՝ 10 օրվա ընթացքում:

ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարները վճարվում են յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ:

Ծխախոտի արտադրանքի իրացումը ազատված է ԱԱՀ-ից:

Ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճարի մասին հաշվարկ հարկային մարմին ներկայացնում են ՀՀ-ում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնողները՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: