Դրամարկղային գործառնությունների մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացման դեպքում պետք է պահպանվեն «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները: Այդ պահանջները կիրառվում են` 
  • ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի
  • ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների նկատմամբ:
Օրենքի գործողությունը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորա-բաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա։

Դրամարկղային գործառնությունների իրականացման, այդ թվում՝ դրանց փաստաթղթավորման և դրամարկղային գրքի վարման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 08.10.2003թ «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N1408-Ն որոշմամբ: Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով։

Կազմակերպության դրամարկղում (դրամարկղներում) պահվող արժեքների պահպանման, ինչպես նաև փոխադրման անվտանգության ապահովության պատասխանատվությունը կրում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը, եթե կազմակերպության կառավարման համապատասխան մարմնի որոշմամբ այդ պատասխանատվությունը չի դրված այլ անձի վրա: Կանխիկ դրամի պահպանման գործում պարտականություններ ունի նաև գանձապահը, որն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության դրամարկղից:

Կանխիկ դրամի բոլոր մուտքագրումները և ելքագրումները գրանցվում են կազմակերպության կողմից վարվող դրամարկղային գրքում` մուտքի և ելքի oրդերների հիման վրա: Կազմակերպությունների կողմից վարվող դրամարկղային գրքերը պետք է կնքվեն ու համարակալվեն տարածքային հարկային մարմնի կողմից:

Օրենքով սահմանված են սահմանափակումներ կանխիկ դրամը դրամարկղ մուտքագրելու և ելքագրելու հետ կապված: Երբ բանկից ստացված կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման կազմակերպության դրամարկղ, մուտքագրումը պետք է կատարվի առնվազն կանխիկ դրամը բանկային հաշվից հանելու հաջորդ օրը։ Երբ դրամարկղից ելքագրված կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման կազմակերպության բանկային հաշիվներ, մուտքագրումը պետք է կատարվի առնվազն կանխիկ դրամը դրամարկղից հանելու հաջորդ օրը։

Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ օրենքով սահմանված են հետևյալ սահմանափակումները`
1) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝


ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
(ՍԿՍԱԾ)
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ
(ՀԱԶԱՐ ԴՐԱՄ)
01.07.2003 թ. 500
01.01.2004 թ. 300
01.01.2005 թ. 300


 
2) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝


ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
(ՍԿՍԱԾ)
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ
(ՄԼՆ ԴՐԱՄ)
01.07.2003 թ. 5
01.01.2004 թ. 3
01.01.2005 թ. 3


 
3) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն. դրամի չափով միանվագ գործարքների գծով ընդունվող վճարումների)`

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
(ՍԿՍԱԾ)
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ
(ՀԱԶԱՐ ԴՐԱՄ)
01.01.2012 թ. 300

4) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական ան-ձանցից ընդունվող վճարումների)`

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
(ՍԿՍԱԾ)
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ
(ՄԼՆ ԴՐԱՄ)
01.01.2012 թ. 3

Ընդ որում նշված սահմանափակումների կիրառման իմաստով կանխիկ դրամով վճարում են համարվում գնման դիմաց կատարված բոլոր վճարումները՝ ներառյալ կանխավճարները, առհաշիվ տրված կանխիկ դրամի հաշվին կատարվող վճարումները։

Օրենքով սահմանվել են կանխիկ դրամով կատարվող այն գործարքները, որոնց նկատմամբ  վերոնշյալ  սահմանափակումները չեն տարածվում: Մասնավորապես, աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների և այլ համանման վճարումների, գործուղման և դաշտային բավարարման նպատակով կատարվող վճարումների, ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր քաղաքա-ցիաիրավական պայմանագրերի համաձայն կազմակերպությանը մատուցված ծառայությունների և կազմակերպության համար կատարված աշխատանքների դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների, գյուղատնտեսական մթերքներ մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսություն վարող քաղաքացիների հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական մթերքների դիմաց վճարումների, կառավարության կողմից սահմանված չափաքանակներով պետական հատուկ նշանակության ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումների, ինչպես նաև կառավարության սահմանած դեպքերում անհետաձգելի վճարումներ կատարելու անհրաժեշտության առկայության դեպքում կատարվող վճարումների վրա այդ սահմանափակումները կիրառելի չեն։

«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված է պատասխանատվություն կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սահմանված գումարային սահմանափակումները չպահպանելու, դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու կամ դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելու համար:
Մասնավորապես, 
  • կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ գումարային սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը,
  • դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում դրանք կրկին չգրանցելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով,
  • դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելու դեպքում գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ դրամարկղային գրքի վարման կանոնների խախտումը արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում դրանք կրկին խախտելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հարկային մարմինները: Սահմանված տուգանքները նշանակվում են հարկային մարմինների ղեկավարների որոշմամբ: Տուգանքի գումարը տասնօրյա ժամկետում չվճարելու դեպքում գումարները գանձվում են հարկային մարմինների հայցով` հօգուտ պետական բյուջեի: