Վարչական պատասխանատվություն
Վարչական պատասխանատվության հիմունքները սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում (այսուհետ` ՎԻՎ օրենսգիրք): Վարչական պատասխանատվության տակ ի նկատի է ունեցվում իրավասու պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքով և կարգով վարչական իրավախախտումների համար վարչական տույժ կիրառելը: Վարչական տույժերը նշանակվում են իրավաոսու մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից` անհատական ակտեր ընդունելու միջոցով: Հարկ է նկատել, որ վարչական տույժերը բովանդակում են ոչ այնքան պատճառված վնասի վերականգնման, որքան իրավախախտողի կողմից չկատարված պարտականությունները /որի առնչությամբ և հաճախ նշանակված է լինում տույժը/ կատարելուն հարկադրելու տարրեր: ՎԻՎ օրենսգրքի 244.2 հոդվածը սահմանում է այն հոդվածները, որոնք քննում են հարկային մարմինները: Դրանք են` օրենսգրքի օրենսգրքի 481, 158 հոդվածի տասներկուերորդ, տասնիններորդ մասերով, 165, 169, 169.9, 169.10, 169.11, 169.12, 169.13, 169.15, 170.2, 170.3, 170.4, 170.6, 170.7, 170.8, 170.9, 170.12 և 170.13 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև օրենսգրքի 169.1, 169.5 հոդվածներով, 198.2 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների իրավախախտումների մասով ու 165 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:

Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը:

Հարկային մարմինների կողմից կիրառվում է վարչական պատասխանատվություն հարկային օրենսդրության պահանջների խախտումներ կատարած կազմակերպությունների պաշտոնատար անձանց նկատմամբ, քանի որ ՎԻՎ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:

ՎԻՎ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու ընդհանուր կանոնները հանգում են հետևյալին. «վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված սանկցիայի շրջանակներում: Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:»:

Վարչական տույժ նշանակելու ժամկետները սահմանված են ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածով. վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Վարչական իրավախախտման փաստեր հայտնաբերելու դեպքում կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որտեղ մանրամասն նկարագրվում են իրավախախտման փաստը, դրա հետ կապված այլ հանգամանքներ: Արձանագրությանը կցվում են իրավախախտում կատարած անձի բացատրությունը, վկաների ցուցմունքները, իրեղեն ապացույցները, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրություն և այլ փաստաթղթեր: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:

Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:

Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության համար վարույթային հիմք է հանդիսանում իրավասու պաշտոնատար անձի կողմից և սահմանված կարգով կազմված արձանագրությունը:

Գործը նախապատրաստելու կարևոր նախապայման է համարվում նաև իրավախախտում թույլ տված անձին կանչելը: Վարչական իրավախախտում թույլ տված անձը ծանուցվում է գործի վարույթի ժամանակի, տեղի մասին: Որպես կանոն գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտոմների վերաբերյալ գործի քննության 15-օրյա ժամկետ: Հարուցված վարույթի արդյուքում ընդունվում է որոշում` 1/ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, 2/ վարչական իրավախախտման գործի վարույթը կարճելու վերաբերյալ:
Օրենսգրքով նախատեսված են գործի վարույթը կարճելու ինչպես նյութական, այնպես էլ դատավարական հիմքերը:

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`
  1. վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը.
  2. եթե անձը վարչական իրավախախտում կատարելու պահին չի հասել տասնվեց տարեկան հասակի.
  3. հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարած անձի անմեղսունակությունը.
  4. անձի գործողությունը ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության վիճակում.
  5. ամնիստիայի ակտի հրատարակումը, եթե այն վերացնում է վարչական տույժի կիրառումը.
  6. վարչական պատասխանատվություն սահմանող ակտի վերացումը.
  7. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը.
  8. վարչական պատասխանատվության ենթարկվող անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման առկայությունը նույն փաստի վերաբերյալ, կամ ընկերական դատարանի չբեկանված որոշման առկայությունը, եթե նյութերը ընկերական դատարանին են հանձնվել տվյալ գործով վարչական տույժ նշանակելու իրավունք ունեցող մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, կամ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարճելու մասին չբեկանված որոշման առկայությունը, ինչպես նաև տվյալ փաստով քրեական գործի առկայությունը.
  9. այն անձի մահը, որի նկատմամբ սկսված է եղել գործի վարույթը:
Հարկային մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ հարուցված գործերով, որպես պատասխանատվության միջոց, կիրավում է տուգանք: Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: Տուգանք նշանակելու մասին որոշումը, որով տուգանքը գանձված է լրիվ, կատարման մասին նշումով վերադարձվում է որոշում կայացրած մարմնին (պաշտոնատար անձին):

Նշանակված վարչական տուգանքը նշված ժամկետում չվճարելու դեպքում տուգանք նշանակելու մասին որոշումն իրականացվում է քաղաքացիական դատավարության նախատեսված կարգով:

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից հետո տասն օրվա ընթացքում` վերադաս մարմին, կամ դատարան: Սահմանված ժամկետում գանգատ տալը կասեցնում է վարչական տույժ նշանակելու որոշման կատարումը մինչև գանգատը քննելը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը և բողոքը քննվում են դրա համար լիազոր մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից, դրանց ստացման օվանից տասօրյա ժամկետում: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
  1. որոշումը թողնում է անփոփոխ, իսկ գանգատը կամ բողոքը` առանց բավարարման.
  2. բեկանում է որոշումը և գործն ուղարկում նոր քննության.
  3. բեկանում է որոշումը և կարճում գործը.
  4. վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին նորմատիվ ակտով նախատեսված շրջանակներում փոխում է նշանակված տույժի միջոցը, բայց այնպես, որ տույժը չխստացվի:


ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ

Հոդված 48.1. Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը
Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 158.Առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի և առևտրի իրականացման վայրի կազմակերպչի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը
Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առանց պայմանագրի կնքման կամ օրենքով սահմանված պարտադիր պահանջների խախտումներով կնքված պայմանագրով վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով վաճառողներին տրամադրելը, ինչպես նաև առևտրի իրականացման վայրում (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կենդանիների շուկաների և տոնավաճառների (վերնիսաժների)) ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով՝ յուրաքանչյուր տրամադրված տեղի համար:

Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Հոդված 165. Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները
Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաև այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը չկատարելը` առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նշված նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Արժութային հարաբերությունները կարգավորող oրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Արժութային հարաբերությունները կարգավորող oրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ կրկին չկատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:
Սույն հոդվածով նախատեսված իրավախախտում չի համարվում պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասությունների սահմաններում վերահսկողական նպատակներով իրականացվող` սույն հոդվածով նախատեսված գործողության կամ գործողությունների կատարումը:

Հոդված 169. Ապօրինի ձեռնարկատիրությունը
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն` առանց իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:

Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության (լիցենզիայի) համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը:

Հոդված 169.1.Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը
Հաշվապահական հաշվառումից բացի, օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում (գրանցում) չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի կամ հաշվարկի կամ հաշվետվության (այդ թվում` հաշվապահական) կամ հարկման կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարի հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարի նվազեցում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով:

Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Հոդված 169.5. Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը
Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Հոդված 169.9. Հաշվապահական հաշվառում չվարելը

Հաշվապահական հաշվառում չվարելը` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ, դրամական արտահայտությամբ, տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ չունենալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Հոդված 169.10. Հաշվապահական հաշվառման քաղաքականություն չսահմանելը
Հաշվապահական հաշվառման քաղաքականություն չսահմանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հոդված 169.11. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և այլ տեղեկությունները չպահպանելը
Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային (էլեկտրոնային) կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հոդված 169.12. Պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը
Օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 169.13. Հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելը կամ անստորագիր ներկայացնելը
Հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելը հաշվապահի կողմից, որը որակավորված չէ հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով, կամ անստորագիր ներկայացնելը
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել անմիջապես նախորդող ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելիս`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Հոդված 169. 15. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրության ապօրինի գործունեություն կազմակերպելը
Ապօրինի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի 20-ապատիկի չափով:

Հոդված 170.2. Իրավաբանական անձի պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման կամ լիցենզավորման մասին տվյալները հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը
Պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:

Հոդված 170.3. Հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին չվճարելը
Հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Հոդված 170.4. Հարկային մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը
Հարկային մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Հոդված 170.6. Հարկային մարմիններ տեղեկությունները սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տեղեկություններ հաղորդելը
Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռներեցի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարողի հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձին վճարված եկամուտների և պահված հարկերի կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարումների մասին տվյալները, հարկման նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ այլ տվյալներ հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տվյալներ հաղորդելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:

Նույն արարքը, որը նպաստել է հարկ կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ վճարողի կողմից հարկվող օբյեկտը /հարկը/ կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարումը թաքցնելուն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Հոդված 170.7. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) հսկիչ նշանների (դրոշմապիտակների) օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը
Սահմանված կարգով ձեռք բերված կամ oգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) հսկիչ նշանները (դրոշմապիտակները) oտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`
առաջացնում է տուգանքի նշանակում` oտարված յուրաքանչյուր դրոշմանիշի և (կամ) հսկիչ նշանի (դրոշմապիտակի) համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Ապoրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:

Հոդված 170.8. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը

Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Հոդված 170.9. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման կանոնները խախտելը
Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) մեկից ավելի անգամ oգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողության համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 170.12. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների իրացումը
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` որոշակի թվագրումով դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:

Հոդված 170.13. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված օտարման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների օտարումը
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված օտարման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների օտարումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: